Հունվարի 1-ը Հայաստանում բնակվող մի խումբ մարդկանց համար ամենեւին էլ նոր տարվա սկիզբ չէ։ Խոսքս Հայաստանի ազգային փոքրամասնությունների մասին է, ովքեր Ամանորը նշում են ոչ դեկտեմբերի 31-ի գիշերը։
Հայաստանում եւ ողջ աշխարհում բնակվող ասորիների համար Նոր տարին (ասորորեն՝Ռեյշը Շեյթը) սկսվում է մարտ ամսվա կեսին եւ խորհրդանշում է գարնան զարթոնքը։ Հնում ասորիները Ռեյշը Շեյթը նշել են 12-14 օր, որի ժամանակ դուրս են եկել փողոցներ, կերել, խմել, պարել եւ ուրախացել։ Տոնակատարության ընթացքում ոչ մի օրենք չի գործել, ոչ մեկին չեն պատժել, իսկ տոնի վերջին օրը թագավորը մի օրով լքել է քաղաքը, իսկ նրա փոխարեն գահին նստել է ծաղրածուն եւ կառավարել երկիրը։ Ասորիները ծաղրածուի «գահակալության շրջանն» անվանել են հիմարի օր։ Այն համընկել է ապրիլի 1-ի հետ, որտեղից էլ հետագայում առաջացել է ծիծաղի օրը։ Ամանորին միմյանցից նեղացած ասորիներն անպայմանորեն հաշտվել են։
Եկող գարնանը Հայաստանի ասորական համայնքը նշելու է 6760 թվականը։ Ասորական «Խաթաթա» (ասորերեն՝ միություն) ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանի խոսքով, տեղի ասորիներին ոչ միշտ է հաջողվում մեծ շուքով նշել տոնը.
«Հայաստանի ասորական համայնքը նոր տարին նշում է ապրիլի 1-ին, սակայն չի ստացվում համատարած նշել, քանի որ աշխատանքային օր է եւ հնարավոր չի լինում քաղաքից դուրս գալ»։
Ասորիների պես՝ եզդիները եւս ամանորը նշում են գարնանը, ապրիլի 13-ից հետո եկող առաջին չորեքշաբթի օրը։ Տոնը կոչվում է «Մալակե Տաոսի տոն» եւ նվիրված է Աստծո կողմից ուղարկվածՄալակե Տաոս առաքյալի գալստյանը։ Նա եզդիական պանթեոնի սուրբ երրորդության առաջին դեմքն է եւ հաճախ հանդես է գալիս որպես աստվածություն։ Եզդիների մոտ ընդունված է Նոր տարուն այցելել գերեզմաններ եւ հանգուցյալների հոգեհացի արարողություն իրականացել։ Ամանորին նախորդող երեքշաբթի օր բոլոր եզդիները ծոմ են պահում, թխում են կլոճ կոչվող գաթա, որի մեջ դրվում է մետաղադրամ կամ ուլունք։
Չորեքշաբթի օրը գաթան կտրում են եւ բաժանում ընտանիքի անդամների միջեւ։ Եւ որ մեկին բաժին է հասնում այդ մետաղադրամը, տարին նրա համար շատ հաջողակ է լինում։ «Մալակե Տաոսի տոնի» ժամանակ եզդիներն այցելում են միմյանց տներ, կանայք Ամանորին հագնում են ազգային տոնական հագուստներ։ Նոր տարուն եզդիները նաեւ մատաղ են անում գլխավոր հրեշտակապետի համար։ Ասորիների պես եզդիները եւս կռված լինելու դեպքում պետք է հաշտվեն միմյանց հետ։ Եզդիների ամանորյա սեղանը զարդարում է այն, ինչը հաճախ զարդարում է նաեւ հայկական սեղանները՝ տոլմա, խաշլամա։
Կտրականապես արգելվում է ամանորյա սեղանին դնել կաղամբ եւ բազուկ։
"Հայաստանի եզդիական համայնքի որոշ ներկայացուցիչներ հայերի պես Նոր տարին նշում են նաեւ դեկտեմբերի 31-ին, սակայն այն գյուղերում, որտեղ եզդիները իրար մոտ են ապրում, նշում են միայն «Մալակե Տաոսի տոնը»,- ասում է «Շամս» հայ-եզդիական համագործակցության երիտասարդական շարժման ղեկավար Ռուստամ Բաքեյանը։
Իսկ հրեաները Նոր տարին նշում են սեպտեմբերի վերջից հոկտեմբերի սկիզբը։ Նոր տարին կոչվում է «Ռոշ ա շանա», որը բառացիորեն նշանակում է Տարվա գլուխ եւ խորհրդանշում է երկրի արարումը։
Ամանորից առաջ հրեաները գնում են գետի մոտ եւ դատարկում գրպանները՝ այդ կերպ մաքրվելով անցնող տարվա ախտերից։ «Ռոշ ա Շանայի» ժամանակ յուրքանչյուր հրեա անպայմանոերեն պետք է լսի Շոֆարի ձայնը (գառան եղջյուրից եկող ձայն), որպեսզի մոտ լինի Աստծուն։ Տոնական ճաշկերույթը սկսվում է մեղրի մեջ թաթախած խնձորը ուտելուց, որի խորհուրդը տարին քաղցր դարձնելն է։ Ամեն ինչում գլխավորը լինելու համար հրեաները «Ռոշ ա Շանայի» ժամանակ անպայմանորեն ուտում են ձկան գլուխը, սեղանին դրվում է տարվա, ընտանիքի եւ միասնության խորհրդանիշ նուռը։ Սեղանին պարտադիր պետք է լինի նաեւ խուրմա եւ կլոր կտրված գազարներ, որոնք գույնով նման են մետաղադրամներին եւ խորհրդանշում են հարստությունը։ Հրեաները ամանորին խմում են քաղցր կարմիր գինի։ Իսկ տարեցներին եւ երեխաներին նվիրում քաղցրավենիք եւ մրգեր։ Սեղանին չի թույլատրվում դնել ընկույզ, որովհետեւ ընկույզը նմանեցվում է մարդու ուղեղին։
«Ռոշ ա Շանային» հաջորդում է 10 օր տեւող «Աստծո դատաստանի» շրջանը, որի ընթացքում մարդիկ աղոթում են եւ խնդրում մեղքերի թողություն։ Ըստ ավանդության՝ Աստված այդ ժամանակ վերանայում է հրեաների անցած կյանքը եւ որոշում՝թե ում անունը գրի «Կյանքի գրքում»։ Այդ պատճառով Նոր տարվան հրեաները միմյանց մաղթում են, որ Աստված իրենց անունը գրի «Կյանքի գրքում»։ Հրեաները գալիք «Ռոշ ա Շանայի» ժամանակ նշելու են 5770 թվականը։
Շնորհավոր Նոր տարի
Շանա տովա վե մատուկա -հրեերեն
Բըմբարք տիրզովը սըրը սալե -եզդիերեն
Ռեյշը Շեյթը ավը բրիխա- ասորերեն




























