Բելգիայում` հայկական եկեղեցում մոմավառություն է կայացել ի հիշատակ «հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետեւանքով սպանված սպա Վահե Ավետյանի:
Բելգիայի «Հայասա» հայ ուսանողական միությունը հայտնում է, որ սգո մոմավառություն եւ տեղեկատվական հանդիպում են կազմակերպել «Հայաստանի քաղաքացին այսօրվա Հայաստանում» խորագրով, որը տեղի ունեցավ «Սուրբ Մարիամ Մագդալենացի» հայկական առաքելական եկեղեցում:
«Մեզ՝ երիտասարդներիս, հատկապես մտահոգում էր Հայաստանում տիրող վախի, անպատժելիության եւ թողտվության մթնոլորտը, որտեղ շարքային հայ քաղաքացին հայտնվել է անպաշտպան վիճակում:
Վահե Ավետյանի հետ տեղի ունեցած ողբերգությունը հերթական անգամ փաստում է առկա իրավիճակը: Երիտասարդ՝ ընդամենը 32 տարեկան բժիշկ սպան չընկավ մարտի դաշտում թշնամու արձակած գնդակից, ոչ էլ ավտովթարի զոհ դարձավ: Ոչ, նա սպանվեց՝ սպանվեց մարդկային դեմքը կորցրած տգետ տականքների կողմից, որոնց համար սպանելը նույնքան հեշտ է, որքան խաբելն ու գողանալը: Այս դեպքը բացահայտ մարտահրավեր է նետված մեր հասարակության այն առողջ ուժերին, որոնք չեն դադարում պայքարել օրենքի գերակայության եւ արդարության համար:
Ճակատագրի բերումով, օտար ափերում հայտնված երիտասարդներս՝ չենք կարող անտարբեր մնալ հայրենիքում տիրող անառողջ երեւույթների հանդեպ: Իրավիճակը տագնապալի է: Մեծ չափերի հասնող արտագաղթը, սոցիալական անարդարությունը, գործազրկությունը, երկրի ընդերքի վայրի շահագործումը, կաշառակերությունը եւ բազմաթիվ այլ խիստ բացասական իրողություններ՝ կասկածի տակ են դնում մեր պետականության հետագա գոյությունը:
Մենք չենք լռելու: Լռությունը հավասարազոր է ինքնասպանության: Եկել է երկիրն աղբից մաքրելու պահը»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ:




























