Ուկրաինայի ընդդիմադիր «Տարածաշրջանների կուսակցության» առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը ունի բոլոր շանսերը հունվարի 17-ին կայանալիք երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում հավաքելու բոլորից շատ ձայներ: Սոցիոլոգիական հարցումների համաձայն, երկրորդ տեղում վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է: Դեկտեմբերին հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն, թեկնածուներից ոչ ոք առաջին փուլում հաղթելու շանսեր չունի: Ներկայումս Յանուկովիչի եւ Տիմոշենկոյի ունեցած վարկանիշների տարբերությունը կազմում է 15-17 տոկոս: Այդուհանդերձ, դա բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար, քանի որ դրա համար Յանուկովիչը պետք է հավաքի 50 տոկոսից ավելի ձայներ, այնինչ նրա վարկանիշը 40 տոկոս է:

Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ըստ Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետազոտության արդյունքներով, հաղթանակ տանելու է հենց Յանուկովիչը, ով կհավաքի ընտրողների 57,3 տոկոսը, այնինչ Տիկոշենկոն կունենա 39,8 տոկոս ձայներ: Նշենք նաեւ, որ հունվարի 3-ից սոցիոլոգիական հարցումների արդյունքների հրապարակումն Ուկրաինայում արգելվում է:

Հիշեցնենք, որ ներկայումս Ուկրաինայում նախագահի պաշտոնի հավակնորդների թիվը 18 է: Ըստ հարցումների, առաջին տեղում Յանուկովիչն է, երկրորդում` Տիմոշենկոն, երրրորդում` գործարար Սերգեյ Տիգիպոն: Ընտրություններին մասնակցում են նաեւ երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Արսենի Յացենյուկը, գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն, Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոն, պատգամավոր Իննա Բոգոսլովսկայան եւ «Ազատություն» ազգայնական կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագրիբոկը: