Լեռնային Ղարաբաղում շարունակվում են հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու աշխատանքները: Տվյալ ծրագրի գլխավոր նպատակներից է բնակչության համար հեռուստառադիոհեռարձակումներից օգտվելու հավասար պայմանների ստեղծումը: Այսօրվա դրությամբ որոշ բնակավայրերում Արցախի եւ Հայաստանի հեռուստաընկերությունների ծրագրերը չեն հեռարձակվում: 2009թ. պետբյուջեի եւ վարկերի միջոցներով ԼՂՀ-ում բավական լուրջ աշխատանք է տարվել այդ ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ:

Թվային հեռուստառադիոհեռարձակման ծրագիրը բաղկացած է 3 փուլից: Նախատեսվում է այն ավարտել 2012թ.-ին: Առաջին փուլում՝ 2009-2010թթ., «Արցախկապ» ընկերության անմիջական մասնակցությամբ ձեռք է բերվել 24 ժամանակակից հաղորդակ, որոնցից 23-ն արդեն տեղադրվել են հեռուստաշտարակների վրա: Դրա հաշվին հանրապետության տարածքի 90 տոկոսն ընդունում է անհրաժեշտ ալիքները: Մասնավորապես՝ Շահումյանի շրջանը, որը լուրջ խնդիրներ ուներ այդ հարցում, այժմ լիովին օգտվում է բոլոր ալիքներից, որ հեռարձակվում են «Արցախկապի» կողմից:

Հեռուստաալիքների մի մասը մտնում է սոցիալական փաթեթի մեջ, սակայն հիմնական հաղորդումների քանակի հարցը դեռ քննարկման փուլում է: Սոցիալական փաթեթը նախատեսում է որոշ ալիքների անվճար օգտագործում: