Ստրասբուրգում հունվարի վերջին նախատեսված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Վրաստանը մտադիր է բողոքարկել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բնակչության բռնի անձնագրավորման գործընթացը: Այս մասին չորեքշաբթի օրը Թբիլիսիում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պաատա Դավիթայան եւ խորհրդարանի Եվրոպայի հետ կապերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին: Դավիթայայի խոսքով, հունվարի 10-ից վրացական անձնագրերով մարդիկ Հարավային Օսիա չեն կարող մուտք գործել, իսկ Աբխազիայում փետրվարի 1-ից բոլոր բնակիչները պետք է կամ ունենան այդ հանրապետության անձնագիր, կամ ռուսական անձնագիր: Հակառակ դեպքում նրանց արտաքսում է սպառնում: «Մարդկանց սպառնում է բռնի նույնականացում»,- հայտարարել է Դարչիաշվիլին:

Վրաստանը որոշել է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սեւեռել այդ խնդրի վրա եւ բողոքարկել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում վրացական անձնագրերի արգելքն ու մարդկանց բռնի անձնագրավորումը:

Հիշեցնենք, որ հունվարի 10-ից Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահման հատելն անհնար է դառնալու վրացական փաստաթղթերով: Ախալգորիի շրջանի բնակիչներին առաջարկվել է ստանալ Հարավային Օսիայի անձնագրեր: