ԱՄՆ-ի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մասնակցել են Փասադենայում Ամերիկայի հայկական թանգարան-գրադարանի (ALMA), Ամերիկայի հայկական համագումարի (ANCA) եւ Փասադենայում հայ երիտասարդության ֆեդերացիայի կողմից (AYF) կազմակերպված ցուցահանդեսներին։ Այս մասին հաղորդվում է ANCA-ի հաղորդագրության մեջ։
«Հայկական լեգեոն-մոռացված հերոսներ եւ Առաջին աշխարհամարտ» խորագրով ցուցահանդեսը նվիրված է հայկական լեգեոնին, որը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914-1918 թթ.)։ «Մեր AYF-ի մասնաճյուղը ուրախ էր իմանալու ամերիկացի այն հայերի մասին, ովքեր հերոսաբար պայքարել են հայկական լեգեոնի կազմում»,- հայտարարել է AYF-ի տնօրեն Պերճ Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հայկական լեգեոնը օտարազգի լեգեոն էր ֆրանսիական զինված ուժերում։ Այն հիմնադրել է 1916 թվականին՝ հայ-ֆրանսիական համաձայնագրի հիման վրա եւ նպատակ ուներ ազատագրական պայքար մղելու։ Օսմանյան կայսրության հետ պայքարում օգնություն ցուցաբերելու համար Ֆրանսիան խոստացել էր Կիլիկիային տրամադրել ինքնավարություն։ Հայկական լեգեոնի կազմում կռվել են շատ հայեր, ովքեր բնակվել են ԱՄՆ-ում, այդ թվում՝ նաեւ կալիֆոռնիացիներ։
Հայկական լեգեոնին նվիրված առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է 2001 թվականին։ Այն ցուցադրվել է Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում։




























