Հայաստանի կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ մեկ տարի ժամկետով ուժի մեջ է թողել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների վարորդական իրավունքի վկայականները` 1 տարուց հետո սահմանված կարգով դրանք փոխանակելու պայմանով։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առիթով նշել է, որ կառավարությունը փորձում է սիրիահայերի համար ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նրանք հեշտությամբ հարմարվեն իրենց համար նոր իրավիճակին։
Վերաբաշխում կատարելով 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին բարելավել ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկական հագեցվածությունը` այդ նպատակին հատկացնելով 105.2մլն դրամ, 105.7 մլն դրամով ավելացնել Քանաքեռ-Զեյթունի ոստիկանության բաժնի կապիտալ նորոգման համար նախատեսված հատկացումը, ինչպես նաեւ 5.9 մլն դրամով` ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին ֆինանսավորվող ոստիկանության փորձաքրեագիտական վարչության վարչական մասնաշենքի կապիտալ նորոգման աշխատանքի գումարը։


























