Աֆրիկայի ազգությունների գավաթի խաղարկության նախօրեին Տոգոյի ֆուտբոլի հավաքականին Անգոլա տեղափոխող ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել։ Միջադեպը, ինչպես հայտնում է BBC Russia-ն, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոբուսը հատել է անգոլական Կաբինդա գավառի հետ Կոնգոյի դեմոկրատական հանրապետության ընդհանուր սահմանը։ Հարձակման արդյունքում, որ նախնական տվյալներով իրականացրել են տեղի անջատողականները, սպանվել է ավտոբուսի վարորդը եւ մի քանի այլ մարդիկ, թիմի կենտրոնական պաշտպանը եւ պահեստային դարպասապահը լուրջ վնասվածքներ են ստացել։ Անգոլայի կառավարությունը կատարվածն ահաբեկչություն է որակել։

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան, սակայն, վստահ է, որ անկախ ամեն ինչից՝ Գավաթի խաղարկությունը կկայանա։ Մի քանի ակումբներ, մասնավորապես անգլիական պրեմիեր լիգայից, արդեն լրջորեն մտածում են իրենց լեգեոներներին հետ կանչել Աֆրիկայի ազգությունների գավաթի խաղարկությունից։