Այսօր՝ հունվարի 9-ին Երեւանում ընթանում է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը: Ի դեպ, ՍԴՀԿ համագումարը տեղի է ունենում «Դավիթ Բեկ» ռեստորանային համալիրում, քանի որ Երեւանի հյուրանոցներն ու այլ սրահներ մերժել են ընդդիմադիր կուսակցությանը դահլիճ տրամադրել:

ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ի համագումարին մասնակցել են Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները: Համագումարին մասնակցել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը եւ այլք:

Հանդիսավոր մասից հետո կայանալու է պատգամավորական ժողով, որն էլ ընտրելու է 7 կամ 9 հոգանոց վարչություն, վերջինս էլ իր կազմից կընտրի ատենապետ:

ՍԴՀԿ համագումարը տեղի է ունենում կուսակցության մեջ ընթացող խմորումների ֆոնին: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ մի խումբ անդամներ՝ Վահան Շիրխանյանի եւ ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ ԱՃեմյանի ղեկավարությամբ, արտահերթ, փակ գաղտնի համագումար էին անցկացրել եւ Լյուդմիլա Սարգսյանին հեռացրել կուսակցությունից: Վերջինս շիրխանյանական թեւին մեղադրում է իշխանությունների խամաճիկը լինելու մեջ: