Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը կրկին վերսկսում է իր պայքարը Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման համար: Այդ մասին հունվարի 9-ին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության 7-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ առաջին նախագահի՝ շարժումը չի մարելու, «հակառակը օր-օրի մեծանալու է, որովհետեւ շարժումը մարելու միայն մեկ ձեւ ունի»: «Շարժումը, ընդդիմությունը մարելու մեկ ձեւ ունի, այդ ձեւը իշխանության հաջողություններն են: Այս իշխանությունը վերջին երկու տարում որեւէ հաջողություն չի արձանագրել: Սա շատ մեղմ է ասված: Արձանագրել է միայն պարտություններ, խայտառակություններ՝ ե՛ւ ներքին, ե՛ւ միջազգային ասպարեզներում, ե՛ւ տնտեսության բնագավառում»,- նշեց Տեր-Պետրոսյանն ու հավելեց. «Ես չեմ տեսնում որեւէ քայլ, որում այս իշխանությունը կարողանա հաջողություն արձանագրել։ Նրանք այդպիսի նպատակ էլ չունեն: Եթե նպատակ ունեին, հնարավոր չէր, որ դա տեղի չունենար: Նրանց նպատակն այս երկիրը թալանելն է, ուրիշ որեւէ գաղափար չունեն»:

Առաջին նախագահը նշեց, որ ճգնաժամի պայմաններում այս իշխանությունները շատ ավելին են թալանում, քան նորմալ պայմաններում: «Սա գուցե հոգեբանական բան է, կամ զգում են, որ աղետ է, եւ վերջի պահին աշխատում են ավելի շատ թալանել: Նրանք խելք չունեն, բայց բնազդ ունեն՝ բոլոր գիշատիչներին հատուկ»,- նշեց ՀԱԿ առաջնորդը՝ հավելելով, որ ժողովուրդը ստիպված է ինքնակազմակերպվել: