Իսպանիան պաշտոնապես 6 ամսով ստանձնել է Եվրամիության նախագահությունը: Մադրիդի արքայական օպերային թատրոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն, Իսպանիայի թագավոր Խուան Կարլոսի ներկայությամբ, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտի ձեռքից վերցրել է ԵՄ նախագահության խորհրդանշական էստաֆետային փայտիկը: Վարչապետը հայտարարել է, որ Իսպանիան կներդնի բոլոր ուժերը, որպեսզի առաջիկա 6 ամսում արժանիորեն կատարի իր առաքելությունը: Կարեւոր խնդիրների շարքում Սապատերոն առանձնացրել է տնտեսական ճգնաժամի հաղթահարումն ու գործազրկության դեմ պայքարը:

Իսպանիայի նախագահության պաշտոնական արարողությունը կավարտվի Սապատերոյի եւ ԵՄ նախագահ Վան Ռոմպեյի համատեղ լուսանկարվելով:

Միաժամանակ, Իսպանիայի շատ վերլուծաբաններ կարծում են, որ որպես ԵՄ նախագահությունն ստանձնած երկիր, Իսպանիան պետք է նպաստի Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրների, տարածաշրջանային հակամարտությունների եւ այլ հարցերի լուծմանը: