Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում արդեն առաջին լուրջ դեպքերն են գրանցվել:
Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված թիվ 10/9 ընտրատեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ եւս 2 հոգու վրա են հարձակվել ինչ-որ մարդիկ եւ ծեծի ենթարկել: Մակեյանին ու այդ անձանց տեղափոխել են 1-ին հիվանդանոց, ապա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: Նրան նաեւ դատաբժշկի ուղեգիր է տրվել, քանի որ լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ի դեպ, Մակեյանի հետ միասին Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ծեծի էին ենթարկվել նաեւ նրա որդին՝ Կարեն Մակեյանն ու թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը:
Մակեյանների եւ վստահված անձի վրա էին հարձակվել մոտ երկու տասնյակ անձինք, իսկ ոստիկաններն այդ ընթացքում որեւէ քայլ չեն ձեռնարկել հանցագործությունը կանխելու համար: Հարձակվողների ինքնությունը դեռ չի պարզվել:




























