Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին ընթացող պատգամավորական ընտրություններում Նիկոլ Աղբալյանի անվան 19 դպրոցում տեղակայված 10/28 տեղամասում քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց «Հայք» օրաթերթի լրագրող Տաթեւ Մեսրոպյանը, ժամը 14-ի դրությամբ՝ տեղամասում քվեարկել էին գրանցված 1206 ընտրողներից 115-ը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Այվազյանը մոտեցել է ցուցակներին, անուններ հանել եւ Սիմոնյանի վստահված անձանց հրահանգել՝ գնալ եւ մարդկանց բերել ընտրության: Լրագրողն ու վստահված անձինք արձանագրել են կատարվող ապօրինությունը, ինչից հետո նրանց վրա են հարձակվել հանձնաժողովի իշխանամետ անդամները: Մասնավորապես, հանձնաժողովի քարտուղար ոմն Եվա քաշքշել է Տաթեւ Մեսրոպյանին եւ վիրավորական արտահայտություններ արել նրա հասցեին, իսկ ժամանած ոստիկանները որեւէ քայլ չեն ձեռնարկել միջադեպը հարթելու համար:




























