Իրավական տեսակետից Հունգարիան չպետք է հայ Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկիման դատապարտված Ռամիլ Սահիբ Սաֆարովին հանձներ Ադրբեջանին: Այս մասին այսօր` օգոստոսի 31-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան, Հունգարիայի դատարանում տուժող կողմի շահերը պաշտպանած Նազելի Վարդանյանը:
«Իրավական տեսակետից Հունգարիան դա չպետք է աներ: Թեեւ կա միջազգային պայմանագիր, բայց դա չի պարտավորեցնում, որ անպայման պետք է հանձնվի, որովհետեւ այդ դեպքում Հունգարիան պետք է որոշեր` հանձնո՞ւմ է, թե՞ ոչ: Այն դեպքում, երբ մենք անընդհատ գրել ենք եւ ասել ենք, եւ դատավճռում էլ տեղ է գտել այն փաստը, որ Սաֆարովը մեղքը չի ընդունել, նրա երկրում` Ադրբեջանում, նրան հերոսացրել են, որ Ադրբեջանում հայ սպանելը հանցագործություն չէ եւ այդ պարագայում պետք է որ Հունգարիան հավատարիմ լիներ իր սկզբունքներին եւ չվիժեցներ դատավճիռը»,- նշեց փաստաբանը:
Դիտարկմանը, թե Հունգարիայի արդարատության նախարարությունը վկայակոչում է դատապարտյալների փոխանցման մասին Կոնվենցիան, փաստաբանը պատասխանեց, որ այդ կոնվենցիան կա, բայց այդտեղ չի ասվում, որ Հունգարիան պարտավոր է հանձնել. «Այնտեղ հազարավոր մարդիկ կան դրսից նստած, քանի տարի է գերմանացիներ կան նստած, որոնց չեն հանձնում, այդ հոդվածով խիստ պատժի ենթարկված որեւէ անձ չի հանձնվել Հունգարիայի կողմից, ո՞նց եղավ, որ սրան հանձնեցին, դա էլ այն պայմաններում, երբ Ադրբեջանում նրան հերոսացնում են, ինքը պատիժ չի կրելու եւ այսօր էլ փաստորեն նախագահը ներում է շնորհել»,- ասաց Նազելի Վարդանյանը:
Իսկ թե, ըստ այդ կոնվենցիայի, ինչ պետք է լիներ հետո, եթե հանցագործություն կատարած անձին հանձնում են որեւէ երկիր, ապա, նրա խոսքով, այդ անձը պետք է շարունակեր կրել պատիժը, եթե այդ երկրի օրենսդրությամբ այդ հանցագործության համար պատիժ կա նախատեսված:
«Ինքը այդ պատիժը պետք է կրեր Ադրբեջանում դատավճռում նախատեսված չափերով կամ իրենց օրենսդրությամբ նախատեսված չափով: Հիմա իրենց օրենսգրքում նախատեսված է սպանության հոդված, դրա համար պատիժ է նախատեսված, ինքը պետք է կրեր այդ պատիժը իր երկրում: Փաստորեն Ադրբեջանի նախագահը, օրենքը եւ միջազգային կոնվենցիան խախտելով, մարդասպանին ներում է շնորհել, ու դրանով ընդունել է, որ իրենց երկրում հայ սպանելը հանցագործություն չէ, ինչպես իրենց փաստաբանը ասաց դատաքննության ընթացքում, ու դրանով խախտել է երկու հատ Կոնվենցիա` գենոցիդի մասին, որովհետեւ ազգային պատկանելության համար մարդ սպանելը միջազգային նորմերով գենոցիդ է համարվում, եւ փաստորեն `Ալիեւն ընդունում է, որ իր երկիրը գենոցիդ է անում»,- ասաց նա:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագրով ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով 2004թ. փետրվարին կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին:
Սաֆարովը Ադրբեջան է արտաքսվել Հունգարիայից, որտեղ ցմահ ազատազրկման էր դատապարտվել:




























