Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների կասեցումը երկարաձգվել է եւս 30 աշխատանքային օրով:

«Սիվիլիթաս» հիմադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պետական եկամուտների կոմիտեն «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգումներն սկսել էր 22.06.2012թ., որոնք 21.07.2012թ. կասեցվել էին 30 աշխատանքային օրով:

«Սա արդեն անհասկանալի է: Հայաստանի նույնիսկ ամենամեծ ձեռնարկություններում, որոնք մի քանի հազար աշխատատեղ ունեն, ստուգումներն անհիմն այսքան չեն ձգձգվում: Այս ամենը վկայում է, որ ստուգումների հետեւում այլ նպատակ կա, քան բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտումն է»,- ասել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին: