«Շատ տարօրինակ ընտրություններ էին, որովհետեւ թեկնածուներից ոչ մեկը ընտրարշավ չիրականացրեց: Արա Սիմոնյանը, ով բոլորովին անհայտ էր հասարակությանը, հանկարծ երկու հազար ձայն ավելի է ստանում, քան Նիկոլ Փաշինյանը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
«Ես գնահատում եմ, որ ընտրություն տեղի չի ունեցել: Գովազդներ չեն եղել ոչ հեռուստատեսությամբ, ոչ ռադիոյով: Անհայտ մարդկանց, որոնք չեն եղել առաջին դեմքեր, առանց գովազդի, չգիտես ինչ տրամաբանությամբ՝ ընտրել են: Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ ընտրությունները ինչ-որ այլ կանոններով են անցնում, ոչ թե աշխարհում ընդունված կարգով»,- ասաց Տ. Կարապետյանը:
Հարցին, թե ինչո՞վ եք բացատրում, որ հասարակությանն անհայտ անձն ավելի շատ ձայն է հավաքել, քան Նիկոլ Փաշինյանը, նա պատասխանեց. «Մեր տեղեկություններով, գործել է նույն սկզբունքը, ինչ քաղաքապետի ընտրություններում: Ինչպես այն ժամանակ, հիմա էլ նույնն է, երբ ընտրողներ էին բերում Արթիկից, Գյումրիից եւ այլ վայրերից: Շատ մարդիկ են քվեարկում, որոնք բոլորովին կապ չունեն Երեւանի հետ, բայց գալիս են Երեւան ու քվեարկում են 10-րդ ընտրատարածքում»:
Ինչ վերաբերում է աննախադեպ ցածր մասնակցությանը` մոտ 24 տոկոս, Տ. Կարապետյանը նշեց, որ ժողովուրդը հիասթափվել է: «Ավագանու ընտրություններին 390 հազար իբր քվեարկած մարդկանցից 100 հազարն է իրենց հոժար կամքով գնացել ընտրատարածքներ: 100 հազարին բերել են, մնացած 190 հազարն էլ լցրել են: Փաստորեն, դա է մեր իրականությունը: Ցավալի է, բայց փաստ է»,- ընդգծեց նա:




























