Թեեւ տեղական ինքնակառավարման ոլորտում Հայաստանն ունի 15 տարվա փորձառություն, բայց մեծ վերապահումով կարելի է ասել, որ Հայաստանում տեղական ինքնակառավարումը կայացած է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ-ական պտգամավոր Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով ՝ 15 տարին բավարար ժամանակ է, որպեսզի ամփոփենք ինչ ունենք, որքանով է գործում այս համակարգը, որքանով է ճիշտ Հայաստանի տարածքային բաժանումը, ընտրության այս սկզբունքը եւ այլն: «Ընտրովի համայանքապետերը իրականում շատ հաճախ մեծ կախվածության մեջ են նշանակովի մարզպտներից, մարզպետարանաներից: Գործընթացների արդյունքում հանկարծ պարզվում է, որ պետության գործառություները իրենց վրա են ուզում վերցնել անհատներ, սրա նրա բարեկամը, որը ոչ մի առնչություն չունի ոչ համայանքային, ոչ տարածքային կառավարման հետ»,- նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Նրա խոսքով՝ ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում հաճախ մարդու աշխատանքը գնահատվում  ոչ թե օրենսդրությամբ նրա վրա դրված գործառույթների որակով, այլ թե նա որքան ձայն է բերում իր կուսակցության  համար: Նա որպես խայտառակ ընտրության օրինակ բերեց Թալինի ընտրությունները՝ նշելով, որ  այսօր կա Գյումրիի, Ալավերդիի, Կապանի իրականությունը:

Անդրադառնալով Կապանի ընտրություններին, մասնավորապես՝ գործող քաղաքապետ Արթուր Աթայանի ինքնաբացարկի դիմում ներկայացնելուն եւ հայտարարություն տարածելուն, նա նշեց, որ  առաջին անգամ գործող համայնքապետը հրապարակային խոսել է  մթնոլորտի, ճնշումների, թշնամանքի, հրահրման մասին, ինչը  հաղորդում է հանցագործության մասին: Աղվան Վարդանյանը նշեց, որ այժմ Կապանում կա մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանը, եւ կապանցիները շատ լավ նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «Կապանը՝ կապացիներին» կարգախոսով պահանջում են, որ «նա հրաժարվի ընտրապայքարից, տղամարդ լինի եւ նշանակվեն նոր ընտություններ»: «Լավ կլիներ, եթե մարդը այդքան ուժ ունենար եւ գնար այդ քայլին: Եթե մի թեկնածուի համար մարզային իշխանությունը ամեն ինչ անում են, որ մնա մենակ, այլապես պարտվելու էր, այդ մարդը հարյուր տոկոսով կախման մեջ է լինելու իրեն նշանակողներից, եւ այստեղ դարձյալ մոռացվելու են Կապանի հարցերը, խնդիրները»,- նշեց նա: Աղվան Վարդանյանի խոսքով՝ այսքան կուսակցականացնել տեղական ինքնակառավարումը, ուղղակի անթույլատրելի է:

Նշենք, որ ՀՅԴ-ն ունի 40-45 քաղաքապետ, մոտ հարյուր ավագանու անդամներ, բայց բազմաթիվ համայնքապետեր կան, որոնք անկուսակցական են ու  համակրում են ՀՅԴ-ին: Աղվան Վարդանյանի խոսքով՝ իրենք  երբեք համայնքապետերի առաջ խնդիր չեն դրել ՀՅԴ-ին ապահովել ձայնով:

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 9-ին եւ 23-ին անց են կացվելու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի