Ազգային ժողովի ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը հավանական չի համարում նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով հանդես գալը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աղվան Վարդանյանը: «Այսօր Հայաստանում ըննդիմություն ասվածը խառը եւ տարբեր է, ո՞վ է ընդդիմություն, ո՞վ է այլընտրանք, ո՞վ է այլընտրանքի կողքին: Ես կասկածում եմ, որ հնարավոր կլինի մեկ միասնական թեկնածու ձեւավորել, այլ բան է, որ իրենք իրենց ձեւավորված են համարում»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Նա առաջարկում է խոսել ոչ թե անձերի մասին, այլ ձեւակերպել կոնկրետ խնդիրներ, առաջարկել լուծումներ, քանի որ մինչ այդ խնդիրները չերեւան, ավելորդ է խոսել անձերի մասին:
Հիշեցնենք, որ փետրվարին Հայաստանում կկայանա նախագահական ընտրություններ, իսկ մինչ այդ հավանական թեկնածուների հետ կապված բազմաթիվ անուններ են շրջանառվում:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























