Ազգային ժողովի արտահերթ նիստին քննարկվելու է Հունգարիայի կառավարության՝ հայ սպային գիշերը կացնահարելու համար ցմահ ազատազրկման ենթարկված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցը: Չափազանց կարեւոր է, որ ԱԺ-ն, անկախ իր տեսակից, բովանադակությունից եւ կազմից, կարողանա անել պետության բարձրագույն ներկայացուցչական մարմնին վայել ճշգրիտ հայտարարություն, այժմ խմբակցությունները աշխատում են այդ ուղղությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ ԱԺ հայտարարության մեջ կլինեն գնահատականներ կատարվածին, եզրակացություններ եւ պահանջներ:
Պատգամավորի խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու քննարկումների ժամանակ նաեւ խնդիր բարձրացվեց, որ ԱԳ նախարարի Հյաաստան վերադարձից հետո ԱԺ-ում կազմակերպվի քննարկում եւ մեկնաբանություններ տրվի, թե ինչ են արել այս ուղղությամբ: Քննարկեն բոլոր կողմերը, անելիք քայլերի դրական եւ բացասական հետեւանքները: ՀՅԴ-ական պատգամավորի խոսքով՝ եթե ԱԳՆ-ն Սաֆարովին հանձնելու վտանգի մասին ահազանգ ուներ եւ փորձում էր կանխել, ուրեմն լավ չի փորձել կամ էլ այնքան ուժեղ չի եղել, որ կանխի: «Այս ահազանգերը պետք է անել ոչ թե փակ դռների ետեւում, այլ հանդես գալ հրապարակային եւ ասել, որ հնարավոր է նման բան, այդպես հնարավոր է նաեւ զգոշանար Հունգարիայի իշխանությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն ԱԳ նախարարի հրաժարականը պահանջելով խնդիր չի լուծվի, սա մի քանի գերատեսչությունների խնդիրն է:
Ինչ վերաբերում է տեղի ունեցածին միջազգային հանրության գնահատականին, ապա Աղվան Վարդանյանի խոսքով, միջազգային հանրությունը վերջին հարյուր հիսուն տարում միշտ առաջնորդվում է երկակի չափանիշներով, փորձում հավասարակշռություն պահպանել երկու կողմերի միջեւ, եւ այն ինչ տեղի ունեցավ այս դեպքում, պայմանավորված է մեր պետության արտաքին քաղաքականության թուլությամբ, մեր պետության ազդեցության կշռի նվազումով: «Մենք վաղուց պետք է համակերպված լինեինք, որ ամեն մի երկիր աառաջնորդվում է իր ֆինանսական եւ քաղաքական շահերով, մենք եւս պետք է կարողանանք իբրեւ ժողովուրդ, պետություն, առաջնորդվենք մեր շահերով, իսկ դա կարողանալու համար պետք է լինենք ուժեղ, կայացած պետություն եւ նախեւառաջ լուծենք մեր ներքին խնդիրները»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գործողությունները վճռական եւ սկզբունքային համարեց, նշելով, որ դրանք բխում են մեր պետության եւ մեր ժողովրդի արժանապատվության դիրքերից, «բայց ակնհայտորեն ուշացած էին»: «Այն արձագանքը, որ ակնկալում էր հանրապետության նախագահը, ես չեմ տեսել: Երբ նախագահի մոտ հավաքված երեսուն-երեսունհինգ երկրների դեսպաներից ընդամենը մի քանիսն են արձագանքում տեղի ունեցածին, դա խոսում է մեր կշիռի մասին, եւ, մինչեւ մենք չդառնանք տարածաշրջանում ազդեցիկ երկիր, որեւէ մեկը մեզ չի գնահատելու մեր անցյալի, քրիստնեության կամ այլնի համար»,- նշեց նա՝ հավելելով, որ միջազգային հանրության կողմից հնչեցված գնահատականները հիմնական նշում էին, որ հանկարծ այս իրադարձությունների պատճառով բանակցային գործընթացը չտուժի, Աղվան Վարդանյանը կարեւորեց նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները եւ հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու խնդիրը, քանի որ, ըստ նրա, այս ամբողջ գործարքը կայացել է Թուրքիայի մասնակցությամբ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























