ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրեց մարզերում բուժհաստատությունների արդյունավետ գործունեության վերաբերյալ մոտեցումները, անդրադարձավ առաջիկա անելիքներին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախարարը տեղեկություններ ներկայացրեց մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291, 8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որն ակնկալվում է մարել մինչեւ տարեվերջ: Նա անդրադարձավ նաեւ իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին` մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը: 2013թ-ին նախատեսվում է ավելացնել նաեւ մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Նախարարը խոսեց նաեւ մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին. նշվեց, որ մի շարք քաղաքներում` Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, Գավառում եւ Գորիսում` դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաեւ հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման, կադրերով եւ սարքավորումներով ապահովվածության հարցերը: Առանձին քննարկման առարկա դարձան մարզային բուժհաստատությունները մասնագետ կադրերով ապահովելու, ինչպես նաեւ առողջապահական հիմնարկների օպտիմալ կառուցվածք ձեւավորելու հետ կապված հարցերը:
Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց մարզային բուժհաստատությունների ֆինանսական վիճակի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահել, հատկապես նրանց կողմից հարկային պարտավորությունները կատարելու մասով, եւ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարությանը` առկա խնդիրների լուծման հարցում:
Խորհրդակցությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին բերքի իրացման, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի եւ դիզելային վառելանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաեւ ցորենի սերմացուի բաշխման գործընթացներին առնչվող հարցեր:
Նախարարը տեղեկացրեց, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ արտահանվել էր շուրջ 16 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի` արդեն 17, 8 հազ. տոննա: Վերջին օրերին սկսվել է նաեւ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի արտահանումը: Նա վստահեցրեց, որ մթերման հետ կապված խնդիրներ եւս չկան. պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ` ինչպես մթերքի ընդունման ծավալների, այնպես էլ ժամանակին վճարումների հետ կապված:
Արդեն մեկնարկել են նաեւ դիզվառելիքի եւ պարարտանյութերի բաշխման աշխատանքները, պայմանագրերի կնքման եւ գումարների հավաքագրման հարցում նախարարը կարեւորեց մարզպետների աջակցությունը: Նշվեց, որ ընթացքում են նաեւ էլիտային սերմացուի բաշխման, առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ֆինանսական պարտավորությունների կատարման աշխատանքները:
Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց աջակցել գյուղնախարարությանը աշխատանքների կազմակերպման հարցում, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մթերման գործընթացը:




























