Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ ԵՄ-ում եւ մասնավորապես Սլովակիայիում մեծ աղմուկ է բարձրացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության այն մասը, որ Հայաստանը պատրաստ է արժանի հակահարված տալ Ադրբեջանին վերջինիս կողմից ոտնձգություններ սկսելու դեպքում:

«Այս հայտարարությունը հիմք է հանդիսացել, որպեսզի մի քանի օր շարունակ եվրոպական եւ մասնավորապես սլովակյան ԶԼՄ-ները կատարեն սկանդալային հայտարարություն առ այն, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի նկատմամբ` մեջբերելով Սերժ Սարգսյանի վերեւում ասվածը:

Այս ակնհայտ սադրանքին արդեն չորորդ օրն է Հայաստանի ԱԳՆ-ից ոչ մի արձագանք չի գրանցված: Ավելին, ԵՀՄՖ-ի եւ Սլովակիայի հայկական համայնքի նախագահը դիմել է ԱԳՆ-ի ղեկավարությանը եւ դեսպաններին` պահանջելով հերքել լայնորեն տարածված այդ սադրիչ հաղորդակցությունները` նշելով, որ սրանք ունեն բացառիկ բացասական հետեւանքներ Հայաստանի համար: Օրինակ, սլովակյան խոշորագույն բանկերն արդեն հայտարարել են, որ հարցականի տակ են վերցնում Հայաստանի հետ ներդրումային եւ արտահանումային ծրագրերի ֆինանսավորումները:

Չստանալով ՀՀ ԱԳՆ-ից ոչ մի օգնություն Ա. Գրիգորյանը կազմակերպել է մամուլի ասուլիս, որպեսզի ինքը հանդես գա հայտարարությամբ ու հերքի ԶԼՄ-ների կողմից տարածվող այդ սադրիչ տեղեկատվությունը: Միաժամանակ Գրիգորյանը հրապարակավ դիմում է ՀՀ ԱԳՆ-ին` պահանջելով կատարելու տարրական պարտականությունները եւ պաշտոնապես հերքելու եվրոպական ԶԼՄ-ների կողմից ՀՀ նախագահի հայտարարության միտումնավոր աղավաղումը»,- ասված է հայտարարության մեջ: