Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի գեներալ-մայոր Թոմ Բանթինգը, որը հանդիսանում է նաեւ Կանզասի գեներալ-համհարզ (պաշտոնով երկրորդը նահանգապետից հետո) այս շաբաթ կժամանի Հայաստան՝ Կանզասի Ազգային Գվարդիայի եւ Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակներում։

Բալդինգը այստեղ կհանդիպի ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, ինչպես նաեւ երկրի պաշտոնատար անձանց հետ։ Գեներալ-մայորը կանդրադառնա Հայաստանի եւ Կանզաս նահանգի հետագա համագործակցության հեռանկարներին, որը սկիզբ է առել 2003 թվականից։ Բանթինգի ուշադրության կենտրոնում են լինելու բիո-անվտանգության (միջոցներ ուղղված հիվանդություններ տարածող օրգանիզմների դեմ, այդ թվում՝ մահացու ելքով) մասնագետներ պատրաստելու աշխատանքները, գյուղատնտեսության զարգացման վիճակը եւ այլն։

«Կանզասը Միացյալ Նահանգների խոշոր նահանգներից մեկն է, որտեղ զարգացած են բժշկությունը, բիո-անվտանգությունը եւ գյուղատնտեսությունը։ Մենք պատրաստ ենք այս հարցում աջակցել դեսպանատանը, ինչպես նաեւ դիտարկել Հայաստանին տրամադրվելիք օգնության լրացուցիչ եղանակներ»-ասել է գեներալը։

Նշենք, որ 2003 թվականից Հայաստանն ու Կանզաս նահանգը համագործակցում են «Նահանգի Ազգային գվարդիայի համագործակցության բյուրո» ծրագրի շրջանակներում։ Կանզաս նահանգի Ազգային գվարդիան սերտորեն համագործակցում է Հայաստանի պաշտպանության, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ։