27-ամյա Աննայի ամուսինը հղի վիճակում դաժանաբար այնքան է ծեծել Աննային, որ նրանց առաջնեկը հոգեկան եւ մտավոր խնդիրներով է ծնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Աննա Գալոյանը (վերջինիս անուն ազգանունը եւ տարիքը փոխված է):
Մինչ ընտանեկան խնդիրներին անցնելը Աննան նշեց, որ սիրելով է ամուսնացել: Ամուսինը լավ դաստիարակություն է ստացել եւ բարեկիրթ մարդ է եղել, ընտանիքին նվիրված: Ամուսնության առաջին տարիներին զույգերի հարաբերությունները շատ լավ են եղել` սեր, փոխադարձ հարգանք: Որոշ ժամանակ հետո որոշել են տեղափոխվել Գերմանիա` ամուսնու ծնողների մոտ:
«Ամուսինս Գերմանիայում սկսեց թմրանյութեր օգտագործել` կապվելով հանցագործ աշխարհի հետ: Նրան վատ շրջապատից կտրելու նպատակով ծնողները մեզ հետ ուղարկեցին Հայաստան: Սակայն այստեղ էլ նա չհրաժարվեց թմրադեղերից: Կապվելով տեղի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների հետ` նա ձերբակալվեց նախ խուլիգանության, հետո` ապօրինի դեղամիջոցներ օգտագործելու մեղադրանքով»,- պատմում է Աննան: Իսկ ազատության ընթացքում ամուսինը հալածել է իրեն, իսկ հետո` նաեւ երեխաներին: «Հղի վիճակում դաժանաբար ծեծում էր ինձ, ինչի հետեւանքով առաջնեկս հոգեկան եւ մտավոր խնդիրներով ծնվեց: Ես փորձում էի ազատվել ամուսնուցս` բարեկամներիս ու ծանոթներիս օգնությանը դիմելով, սակայն ամեն անգամ նա ինձ գտնում էր եւ դաժան ծեծի միջոցով տուն բերում»,- ավելացրեց Աննան:
Կինը ծանոթների միջոցով իմացել է Կանանց իրավունքների կենտրոնի մասին եւ օգնություն ստանալու նպատակով դիմել նրանց ու տեղափոխվել ժամանակավոր ապաստարան: «Ես հուզական անկայուն վիճակում էի, ունեի վախեր, տագնապներ: Մտածում էի ինքնասպանության մասին, չէի ցանկանում ապրել, ոչ մի բանի տրամադրություն չունեի, ի վիճակի չէի ինքնուրույն որոշումներ կայացնել: Ապաստարանում լիցքաթափվեցի, կայունացավ հոգեվիճակս, եւ հիմա պատրաստ եմ քայլեր ձեռնարկել ամուսնուցս բաժանվելու համար: Համապատասխան մասնագետների օգնությամբ ես հաղթահարեցի վախերս, ինքնասպանություն գործելու մտքերս եւ ներանձնային կոնֆլիկտներս»,- ավելացրեց Աննան:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:



























