Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Կիրակոս Մինասյանին փորձել է բռնաբարել հարազատ մորը, սակայն, բարեբախտաբար, գործը ավարտին չի հասցրել:
Ավան եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը իրենց մոտ վարույթ է ընդունվել օգոստոսի 14-ին: Իսկ հերթական դատական քննությունը նշանակվել է սեպտեմբերի 13-ին: 36-ամյա Կիրակոս Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրենց բնակարանում, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, նույն բնակարանում բնակվող մայրիկի` Հայկուհի Սամվելյանի հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, ամբողջովին մերկ վիճակում մտել է վերջինիս ննջասենյակ եւ նախապես վերցրած խոհանոցային դանակի սպառնալիքով պահանջել սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Միաժամանակ պատռել է վերջինիս հագին եղած գիշերանոցը, այնուհետեւ քաշ է տվել իր ննջասենյակ եւ փորձել բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, քանի որ մայրը համոզելու եղանակով կարողացել է մի պահ դուրս գալ սենյակից եւ դիմել է փախուստի:
Մինչ գործը դատարանում վարույթ ընդունվելը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով` բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
Հ.Գ Գործում ներգրավված անձանց անուն-ազգանունները փոխված ենք ներկայացրել:




























