Այսօր՝ սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու 3 –րդ պատարագը Հայոց ցեղասպանությունից 97 տարի անց:
Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի, որն համընկնում էր Սուրբ Խաչ եկեղեցական տոնի հետ:
Սակայն պատարագից մեկ ամիս առաջ թուրքական իշխանությունները հայտարարեցին, թե տեխնիկական պատճառներով հնարավոր չէ եկեղեցու խաչը տեղադրել մինչեւ պատարագի օրը: Այս ծիծաղելի պատճառաբանության պատճառով աշխարհի հայությունը բոյկոտեց պատարագը: Պատարագը մատուցել է Պոլսո Հայոց պատրիարքարանը: Իսկ հոգեւոր մյուս կենտրոնները՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն էր: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, թեեւ նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ էր հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:
Սուրբ Խաչ եկեղեցու խաչը գմբեթին տեղադրվել է պատարագից 10 օր անց՝ սեպտեմբերի 30-ին եւ օծվել Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանի կողմից։
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։





























