Հայաստանում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին քվեարկելու իրավունք ունեցող 968 հազար 643 քաղաքացիներից ժամը 14.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 255 հազար 12 հոգի կամ ընտրողների 26.33 տոկոսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ ընտրությունները շարունակում են ընթանալ բնականոն հունով: Մինչ այժմ ԿԸՀ-ն բողոքներ է ստացել միայն` դրոշմակնիքների թանաքի հետ կապված, մասնավորապես` մի քնաի տեղամասերում դրանք շուտ են օքսիդանում:
Ինչ վերաբերում է Վանաձորում քվեախցերի ստվարաթղթերից լինելուն, ինչը տարածած տեղեկությունների համաձայն՝ ընտրություն կատարելիս ճկվում են ու անհարմարություն ստեղծում, ապա Հերմինե Հարությունյանը նշեց, որ նման բան չի կարող լինել, քանի որ միշտ էլ օգտագործել են այդ քվեախցիկները, բայց որեւէ բողոք չեն ստացել:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները:
Այսպես, Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների դիտորդություն իրականացնող Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն արձանագրում են, որ բոլոր քվեախցիկները ստվարաթղթից են, որն անհարմարություն է ստեղծում, ընտրություն կատարելիս ճկվում է, որը քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ կարող է հանդիսանալ:





























