Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունները ընթանում են նորմալ, շիկացած մթնոլորտ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Ինչ վերաբերում է ահազանգերի եւ խախտումների մասին տարածված տեղեկություններին, ապա մարզպետը նշեց, որ նման ահազանգեր իրենք չեն ստացել, իսկ ինչ ահազանգ տարածվում է,ոստիկանությունը օպերատիվ կերպով ճշտում է, մեկնաբանություն տալիս, հերքում: Նրա խոսքով` եթե պարզվի, որ ահազանգերը համապատասխանում են իրականությանը, ապա պատկան մարմինները միջոցներ կձեռնարկեն, նյութեր կնախապատրաստեն եւ այլն:
«Գիտեք ինչ, այդպես լուրջ թեկնածուներ չկան իրար դեմ դրված, որ դրա կարիքը լինի: Այս պահի դրությամբ ընտրակեղծիքների, խախտումների եւ ընտրակաշառքներ բաժանելու հետ կապված փաստեր չունենք»,- ասաց Աշոտ Գիզիրյանը
Նա նշեց, որ մթնոլորը շիկացած չէ, պարզապես ավագանու թեկնածուները 76 հոգի են եւ պայքարում են 21 տեղի համար: Մարզպետի խսքով` մթնոլորտը մի քիչ թեժացնում են լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Թեեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից վստահեցնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ընթանում են բնականոն հունով, բայց Գյումրիում եւ Վանաձորում խախտումների մասին ահազանգել են իրավապաշտպանները, քաղաքացիները եւ լրատվամիջոցները:
Գյումրիում տեղի ունեցող ՏԻմ ընտրություներին արձանագրվող խախտումների մասին ահազանգում է «Ասպարեզ» ակումբը: Այսպես, ըստ այդ ահազանգերի` Գյումրիի ավագանու անդամության թեկնածուներից մեկը 1000-ական դրամ ընտրակաշառքով ընտրողներ հավաքագրում ու գազելով տեղափոխում քվեարկության:
«Գալա» TV-ն հացորդում է, որ ՀՅԴ Գյումրու կառույցի մի խումբ երիտասարդների հաջողվել է ընտրատեղամասերից մեկի դիմաց խմբված երիտասարդների ձեռքից, ովքեր Գյումրու ավագանու անդամի թեկնածուներից մեկի օգտին աշխատող տղաներ են եղել, վերցնել ցուցակներ եւ նախընտրական գրքույկներ: Ինչպես հավաստում են ՀՅԴ Գյումրու գրասենյակից, երիտասարդները նկատել են, թե ինչպես են այդ ցուցակներով քաղաքացիները մոտեցել ընտրատեղամաս մտնող մարդկանց, հետո միասին մտել են ընտրատեղամասի դիմաց կայանած դեղին գույնի մարդատար ավտոբուս, այնտեղ ստացել են գումարը՝ 5000 դրամ, այնուհետ գնացել ընտրության: ՀՅԴ ներկայացուցիչներին հաջողվել է վերցնել տղաների ձեռքից ցուցակը, որտեղ անուններ են գրված եղել՝ Անո, Մուշո, Հովո եւ այլն: Իսկ թերթիկներից մեկի հետեւում Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի անունն է գրված եղել: Շիրակի մարզի լրատվամիջոցները ահազանգել են նաեւ տեղամասերում կուտակումների, թանաքի ցնդելու, ծրարներ շփթոելու եւ այլնի մասին:





























