Գյումրի քաղաքի 34/65 եւ 34/63 ընտրատեղամասերում «Ասպարեզ» ակումբի լրագրող Կարեն Հարությունյանին են մոտեցել մի քանի երիտասարդներ եւ պահանջել դադարեցնել տեղամասերում կուտակումների նկարահանումը՝ հակառակ դեպքում սպառնացել են, որ «գլուխը կջարդեն»։ Ըստ տարածված տեղեկությունների` այնուհետեւ Կարեն Հարությունյանը մոտեցել է ոստիկանին եւ հայտնել սպառնալիքների մասին, ինչից հետո ոստիկանը զրուցել է լրագրողին սպառնացող անձանց հետ։ Ոստիկանը Կարեն Հարությունյանին հրավիրել է մոտական ոստիկանական բաժանմունք՝ հանցագործության մասին հաղորդում տալու համար եւ շուրջ 2 ժամ պահվում է ոստիկանական բաժանմունքում, այն պատճառաբանությամբ թե իբր քննիչը տեղում չէ:
Դեպքի հետ կապված Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ անձամբ զրուցել են լրագրողի` Կարեն Հարությունյանի հետ, եւ հեռախոսազրույցի ժամանակ վերջինս ասել է, թե իրեն ոչ ոք չի պահում ոստիկանության բաժանմունքում, այլ ուղղակի ըստ ընթացակարգի գործողություններ է կատարվում, բացատրություն է գրում եւ այլն: 16.20-ի դրությամբ Կարեն Հարությունյանը դեռ գտնվում էր ոստիկանական բաժանմունքում:
Նշենք, որ այսօր Հայաստանի մի շարք մարզերում անց են կացվում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:




























