Ադրբեջանցի սպայի հայրենիք արտահանձնման որոշումը եւ հատկապես Բաքվում նրա ներումը` պետական մակարդակով հերոսացումով, մտահոգության ալիք է առաջ բերել: Այս մասին «Էխո Կավկազա» կայքում գրել է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
«Հունգարական կառավարության վաղահաս եւ միչեւ վերջ չհաշվարկված որոշումը լուրջ հարվածի տակ է դրել ոչ միայն Բուդապեշտի հեղինակությունը, այլ նաեւ արեւմտյան հանրությանը` ընդհանուր առմամբ: Այստեղից են բխում ամերիկյան գրասենյակի եւ մի շարք այլ միջազգային կառույցների խիստ արձագանքը: Պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միայն խոսքերով են լուրջ ընդունվում, իսկ իրականում ոչ կովկասցի քաղաքագետները պատկերացում չունեն թե այս հակամարտությունը որքան լուրջ է ընդունվում երկու երկրների հանրության կողմից: Այստեղ մեկ ոչ ճիշտ որոշումը կարող է լուրջ ճգնաժամ եւ սրացման պատճառ դառնալ»:
«Սաֆարովի գործը» ցույց տվեց, թե Բաքուն եւ Երեւանը որքան հեռու են փոխադարձ զիջումներ անելու գիտակցութունից: 2012 թ-ի սեպտեմբերին առաջին պլան են դուրս եկել այլ նպատակներ եւ արժեքներ: «Հայրենասիրական գովազդը»` հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների շեմին, թշնամու կերպարի շահագործումը եււ արտաքին վտանգի առկայության շուրջ ազգի մոբիլիզացումը հօդոս ցնդեցրին խաղաղապահ բոլոր առաջընթացները: Պարզ է, որ հակամարտող կողմերը տասնյակ պատճառներ ունեն, որպեսզի թույլ չտան պատերազմի նոր բռնկում: Եվ «Սաֆարովի գործը», իհարկե, խաղաղ գործընթացի մահ չէ, սակայն դա ամենաքիչը բանակցությունների դադարեցման նախադրյալ է, որը չի բացառվում, որ երկարաժամկետ կլինի եւ բացառված չէ, որ այն կուղեկցվի «շփման գծում» նոր միջադեպերով:
Ընդ որում, այստեղ հարցադրումներ պետք է ուղղել ոչ միայն Բաքվին եւ Երեւանին, այլ նաեւ միջնորդ երկրներին, ովքեր, դիվանագիտական լավատեսություն եւ չարդարացված խոստումներ տալու փոխարեն, պետք է կենտրոնանան ստեղծված իրավիճակից դուրս գալու միջոցներ գտնելու վրա»,-նշում է փորձագետը:





























