Լոռիի մարզիի Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնում երեկ` սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Հայկազ Խաչիկյանը: Ախթալայում գրանցված 2 հազար 223 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1309-ը: Սուրեն Թամազյանը ստացել է 600 քվե, իսկ Հայկազ Խաչիկյանը` 635: Ի դեպ, Սուրեն Թամազյանի համար աշխատում էին մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի կողմնակիցները, որոնք օրեր առաջ հարձակվել էին Խաչիկյանների տան վրա:
Մարզի Ստեփանավան քաղաքի քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ, «Քոթո» մականունով Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրը` Միքայել Ղարաքեշիշյանը, ով ստացել է 6051 ձայն: Նրա մրցակիցներից Վարդան Գրիգորյանը ստացել է 879, իսկ Սերգեյ Մարգարյանը` 768 ձայն:
Իսկ Շնող գյուղում գործող գյուղապետ, հանրապետական Հայկազ Քոչինյանը պարտվել է: Լոռիի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրը ստացել է 655 քվե, իսկ նրա մրցակիղ Հովիկ Սահակյանը` 991 քվե:





























