Սեպտեմբերի 2-ին կորած Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա հովիվը մինչ օրս չի գտնվել: Արդեն 9 օր է, ինչ շարունակվում են որոնողական աշխատանքները Տավուշի մարզային փրկարարական վարչության Բերդի հրշեջ-փրկարարների եւ ոստիկանության Բերդի ծառայողների կողմից: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Տավուշի թղթակիցը, մեզ  հասած տեղեկություններով Բերդ քաղաքի բնակիչ, 71-ամյա Ասքանազ Մելիքյանը ապրում է միայնակ, կինը մահացել է տարիներ առաջ, իսկ միակ տղան գտնվում է կալանավայրում:

Հովիվը նախկինում մի քանի անգամ էլի է անհետացել, իր այդ քայլը պատճառաբանելով, որ որեւէ մեկին պետք չէ եւ որ որեւէ մեկը իրեն չի փնտրի: 9 օր տեւած որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները «սանրել են» գրեթե ողջ տարածքը, սակայն ապարդյուն: NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վիկտոր Թադեւոսյանի փոխանցմամբ իրենք մի քանի անգամ նայել են տարածաշրջանը. «Վարկածները շատ են, կարող է ինքը դիտավորյալ է անհետացել, կարող է գնացել է մի այլ տեղ մի անասնապահի մոտ է մնում, ինքը էլի է «կորել»»,-ասաց նա, նկատելով, որ եթե նույնիսկ նա մահացած լիներ, ապա մարմինը արդեն նեխած կլիներ եւ հոտ կգար, սակայն մահացած լինելու վարկածը քիչ հավանական է:

Շրջանառվող վարկածների մեջ է նաեւ գերեւարումը: Նույն տարածքում տարիներ առաջ երկու դեպք է գրանցվել, երբ բնակիչները գնացել են սունկ հավաքվելու եւ մոլորվել, դա տեղի էր ունեցել Բերդ-Ճամբարակ ճանապարհի 1-ին կմ-ում, երբ Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանը ընկերների հետ գնացել էր սունկ հավաքելու, ու պատահաբար անցել Ադրբեջանի տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ի Տավուշի թղթակիցը հայտնել էր , որ սեպտեմբերի 3-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքի անտառում մարդ է կորել: Մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքի բնակիչ՝ 71-ամյա Ասքանազ Մելիքյանը սեպտեմբերի 2-ի վաղ առավոտյան նախիրը ուղեկցել է «Դուռնալու» կոչվող հանդամաս եւ չի վերադարձել:

Նշենք, որ Տավուշի մարզը սահմանակից է Վրաստանին` հյուսիսում, եւ արեւելքում՝ Ադրբեջանին, իսկ Բերդ քաղաքը սահմանակից է Ադրբեջանին:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի