Եղվարդի խճուղու թիվ 120 էլեկտրասյան դիմաց սեպտեմբերի 7-ին` ժամը 00:30-ի սահմաններում «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահվան ելքով վթարի է ենթարկել Արցախի փողոցի բնակիչ 60-ամյա Հովհաննես Փարվանյանին, ով «Ալբերտ Կարախանյան եւ որդիներ» ՍՊԸ –ում աշխատում է որպես կռունկավար: Ավելի ուշ պարզվել է, որ վթարի ենթարկողը Կոտայքի մարզի Զովունի գյուղի 5-րդ փողոցի բնակիչ, 44-ամյա Սուրեն Երեմյանն է, ով «Առեքսիմբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում աշխատում է որպես բաժնի պետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Նույն օրը` ժամը 17:30-ի սահմաններում, Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց գլխուղեղի ցնցում, ձախ ակնակապիճի սալջարդ կապտուկով ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել նույն ինքը` Սուրեն Երեմյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ սեպտեմբերի 7-ին` կեսգիշերին, ինքը` վարելով «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, Դավիթաշեն թաղամասի Եղվարդի խճուղում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որից հետո փորձել է նրան օգնություն ցույց տալ: Սակայն անհայտ անձը սկսել է անհիմն վիճաբանել իր հետ եւ ծեծի ենթարկել, որից հետո` ինքը ավտոմեքենան եւ վրաերթի ենթարկվածին թողնելով դեպքի վայրում` հեռացել է:
Սուրեն Երեմյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Նրան ծեծի ենթարկելու փաստի առթիվ կատարվում է հետաքննություն: Իսկ վրաերթի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ հոդվածով:Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Քրեական գործ է հարուցվել նաեւ 244 հոդվածի` ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը հատկանիշներով: Սույն հոդվածն էլ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:





























