Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ, ողջունելով եւ շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված, քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երեւանի բնակիչների, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:
«Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ կան հաջողված համագործակցության օրինակներ, որի շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանի եւ «Օրանժ Արմենիա» ընկերության միջեւ համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երեւանի ավտոբուսների ուղեւորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` «Օրանժ Արմենիա» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ եւ նշել է, որ ընկերությունը եւս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:
«Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձեւավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն եւ կզարգանան»,-նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հատկանշել է, որ զարգացող Երեւանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել եւ օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:





























