Հայաստանի նախագահի հանձնարարությամբ` ԱԻՆ համակարգում աշխատանքի պիտի անցնեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք:
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի հիմնական նպատակն էր քննարկել ՀՀ Նախագահի հանձնարարականն առավելագույնս արդյունավետ իրագործելու տարբերակները։
Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական ծառայություն գործակալություն եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ներկայացնելով նախարարության վերջին ձեռքբերումները, մասնավորապես ասաց. «Այսօր մենք ունենք հզոր ճգնաժամային կառավարման կենտրոն եւ արդեն ճանաչում ստացած «911» ծառայություն, որտեղ էլ պիտի ընդգրկվեն ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով երիտասարդները՝ համակարգչային գիտելիքներով ու լեզուների տիրապետող: Մենք խնդիրը դիտարկում ենք առավել ընդգրկուն՝ ոչ միայն նրանց աշխատանքի տեղավորման տեսանկյունից, շատ կարեւոր է նաեւ նրանց ԱՌՆ ոլորտ ներգրավելը:
Ինչպես գիտեք, աղետների ժամանակ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձինք ամենախոցելին են: Բայց մենք նրանց այսօր դիտարկում ենք ոչ միայն որպես տուժող, թիրախ, որին պետք է փրկել կամ օգնել, այլ` որպես գործընկեր: Մենք նրանց կներգրավենք ԱՌՆ ոլորտ, որովհետեւ եղած հսկայական ներուժն արդյունավետ չի օգտագործվում:
Հենց այսօր Ազգային պլատֆորմում կստեղծվի առանձին թեմատիկ խումբ` ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով անձանց համար, նրանց կարիքների ու խնդիրների արձանագրման, աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներգրավման եւ որոշումների կայացման մեջ նրանց կարծիքների հաշվառման համար:
Երկրորդ, խմբում կմշակվեն ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունվելող երիտասարդներին ներկայացվող պահանջները՝ գիտելիքների, հմտությունների, անհրաժեշտ ունակություների վերաբերյալ:
Եվ երրորդ, մանրակրկիտ կուսումնասիրվի միջազգային փորձը, թե որն է մեր երկրին առավել հոգեհարազատ: Կդիմենք նաեւ միջազգային կազմակերպություններին։ Մենք պիտի միջոցներ հայթայթենք նրանց տեղափոխումն ապահովելու, աշխատանքային բարենպաստ, հարմարավետ պայմաններ ստեղծելու համար:
Մենք պիտի ամբողջական տեղեկություններ ունենանք ձեր կարիքների, խնդիրների ու պահանջների, գիտելիքների, կարողությունների ու հմտությունների վերաբերյալ, որպեսզի գործընկերությունն արդյունավետ լինի, ներգրավվածությունը` լիարժեք, իսկ ինտեգրումը դառնա սովորական, առօրյա գործընթաց, եւ ոչ թե միայն արտակարգ իրավիճակների բացառիկ խնդիր»:
Հանդիպման մասնակիցներից «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը շնորհակալություն հայտնելով հրավերի համար` նշեց, որ սա աննախադեպ նախաձեռնություն է եւ ԱԻ նախարարին նվիրեց մի գիրք, որը կօգնի ավելի լավ պատկերացնել ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդկանց առանձնահատկությունները։
Հանդիպման ավարտին մասնակիցները շրջեցին նախարարության տարածքում, այցելեցին ԱԻՆ համաբուժարան եւ ճգնաժամային կառավարման կենտրոն` ծանոթանալով դրանց կառուցվածքին, գործառույթներին ու հնարավորություններին, իսկ վերջում տեսան ԱԻՆ նորակառույց մասնաշենքը, որն ապահովված կլինի հաշմանդամների համար անհրաժեշտ բոլոր պայմաններով։




























