Ընդմիջումից հետո Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր` սեպտեմբերի 13-ին, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը:  Դատարանը որոշել մերժել ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանի՝ դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտննելու միջնորդությունը:

Դատարանը հայտարարեց հինգ րոպե ընդմիջում՝ պարզելու, թե որտեղ են հայցվոր կողմի փաստաբանները: Փաստաբանները ընդմիջման ժամանակ դուրս էին եկել եւ նորից ներս մտնելու համար կարգադրիչները ցանկացել էին զննել նրանց, մինչդեռ փաստաբանները բողոքում էին, որ դատարանի դահլիճում գտնվում են անծանոթ անձինք, որոնց փաստաթղթերը չեն ստուգվել: Դատարանի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, հայտարարեց, թե ըստ իրենց հայեցողության են ստուգում մարդկանց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից  մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: Հուլիսի 31-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը նախկինում առաջադրված մեկ մեղադրանքի փոխարեն երեք մեղադրանք էր առաջադրել: Վերաորակված մեղադրանքն առաջադրվել է բոլոր վեց կալանավորվածներին: Նոր մեղադրանքով նրանք մեղադրվում են 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից եւ անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը), եւ 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի