Համաձայն Պետեկամուտների կոմիտեի տվյալների` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետբյուջեի հարկային եկամուտներն աճել են 18,9 մլրդ դրամով ($47,9 մլն դոլար) կամ 6,2 տոկոսով:
Հիշեցնենք, որ հարկային մուտքերն ընթացիկ տարում նախատեսված է նախորդ տարվա համեմատ ավելացնել մոտ 100 մլրդ դրամով:
Անդրադառնալով Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին`նշենք, որ վերջիններս ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 261,9 մլրդ դրամի (663 մլն դոլար) հարկ` նախորդ տարվա համեմատ 29,3 մլրդ դրամ կամ 12,6% ավելի:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում խոշորագույն հարկատուների ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, որը պետբյուջե է վճարել 18,2 մլրդ դրամի հարկ:
Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն էր, որը շուրջ 15,1 մլրդ դրամի հարկ էր վճարել: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նրա ավանդը նվազել է 3,7 մլրդ դրամով:
Խոշորագույնների ցանկում երրորդը պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ԲԲԸ-ն է: Այն պետբյուջեն հարստացրել է 9,3 մլրդ դրամով` նախորդ տարվա ցուցանիշից 1,1 մլրդ դրամով ավելի:
Առաջատարների եռյակին զգալի տարբերությամբ հետեւում են հեռահաղորդակցական, առեւտրային ընկերություններ:
«Ոսկե» տասնյակը եզրափակում է Հայաստանի ԱԷԿ-ը:
Տասը ընկերությունները միասին ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 72,9 մլրդ դրամ, ինչը 4,4 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Իհարկե, նախորդ տարվա համեմատ տասնյակում փոփոխություններ են տեղի ունեցել. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն եւ «Գրանդ Տոբակո» ԲԲԸ-ն, համապատասխանաբար, հայտնվել են 19 եւ 35-րդ տեղերում:
Նշենք հետաքրքիր փաստ. ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 1 մլրդ եւ ավելի դրամ հարկ են վճարել 43 ընկերություններ` նախորդ տարվա 36-ի դիմաց: Այստեղից կարելի է եզրակացնել, որ խոշորագույն ընկերությունների գործունեության ծավալներն զգալի ընդլայնվել են:
Ինչ վերաբերում է հարկերի վճարման ինտրիգին, այն ծագում է, եթե պետբյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարից հանենք 1000 «խոշորագույնների» ավանդը:
Սկզբում ընդգծենք, որ այդ հաշվարկները կատարվել են Պետեկամուտների կոմիտեի տվյալների հիման վրա, ոչ թե հրապարակված են Ազգային վիճակագրական ծառայության համապատասխան տեղեկատուում:
Այսպես, եթե պետբյուջեի հարկային ցուցանիշից հանենք 1000 «խոշորագույններին», արդյունքում կստանանք մնացած մի քանի տասնյակ հազար հարկատուների վճարածը:
Գաղտնիք չէ, որ հարկային եկամուտների ճնշող մասնաբաժինն ապահովում են 1000 «խոշորագույնները»: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում այդ մասնաբաժինը կազմել է 81,0%. նախորդ տարվա համեմատ ցուցանիշն ավելացել է 4,6 տոկոսով: Այսինքն, երկրի տնտեսության կոնցենտրացիան, եթե հիմնվենք վճարված հարկերի մեծության վրա, տարվա ընթացքում զգալի ավելացել է:
Պարզվում է, առաջընթացի փոխարեն հետընթաց է գրանցվել` 10,4 մլրդ դրամի անկում` նախորդ տարվա համանման ժամանակահատվածի համեմատ:
Ալբերտ Խաչատրյան





























