Այս տարի արդեն 27-րդ անգամ, 1985թ. ի վեր, Եվրոպական մշակութային կոնվենցիայի 50 անդամ-երկրներ հանդես կգան հանուն եվրոպական ժառանգության ճանաչման` Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո: Չնայած մշակութային եւ լեզվական բազմազանությանը` Եվրոպայի միլիոնավոր քաղաքացիներ կհամախմբվեն «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի շուրջ եւ իրենց այցելություններով կընդգծեն մշակութային ժառանգության արժեքը հասարակության համար: Հայաստանը Օրերին կմիանա 2012թ. սեպտեմբերի 29-30-ին` «Ճանապարհ» խորագրի ներքո: Այդ մասին հայտնում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը 2012թ. սեպտեմբերի 29-ին Եվրոպական ժառանգության օրերին կմիանա «Ճանապարհ. Էրեբունին երեկ եւ այսօր» հայ-ֆրանսիական համատեղ ցուցահանդեսով` ներկայացնելով Էրեբունի ամրոցի գիտական ուսումնասիրման ճանապարհը` հայտնաբերումից մինչ օրս: Թանգարանի ժամանակավոր ցուցասրահում այցելուին կներկայացվեն 50-ականներին եւ այսօր հայտնաբերված գտածոներ, ինչպես նաեւ 10 թեմատիկ եռալեզու պաստառներ` Ուրարտուի պատմության գիտական ուսումնասիրության համատեքստում Էրեբունի ամրոցի կարեւորության, հուշարձանի մշակութային ու զբոսաշրջային արժեքի վերաբերյալ:
Ցուցահանդեսի բացումը արգելոց-թանգարանում կնշանավորվի ««Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» եռալեզու տեղեկատվական նոր գրքույկի շնորհանդեսով:
Միաժամանակ, կարեւորելով հուշարձանների պահպանության բնագավառում առաջատար եւ հաջողված փորձի խթանումը, թանգարանի հիմնական ցուցասրահում շարժական էկրանի վրա անընդմեջ կցուցադրվի «Պահպանություն հանուն ապագայի» տեսաշարը` նվիրված մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միություն/Եվրոպա Նոստրա-2012 մրցանկաբաշխության 28 մրցանակակիր նախագծերին:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա «Էրեբունի» թանգարանում, 2012թ. սեպտեմբերի 29-ին, (ք. Երեւան, Էրեբունի փող. 38): Այն կգործի մինչեւ 2012թ. նոյեմբերի 29-ը:




























