Այս շաբաթվա սկզբին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն ազատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը:
«Ազատման վերաբերյալ պաշտոնական որեւէ պատճառաբանություն չներկայացվեց: Մեր տեղեկություններով, իրականում Ա. Փայտյանի պաշտոնանկությունը կապված է եղել բանակին գոմեշի բրիկետ մատակարարելու հայտնի պատմության հետ: Ըստ մեր աղբյուրների, Փայտյանը ներգրավված է եղել Բրազիլիայից ներմուծված գոմեշի ժամկետանց բրիկետը բանակին մատակարարելու, համապատասխան մրցույթը շահելու գործընթացում: Մրցույթում, մեր տեղեկություններով, հաղթող է ճանաչվել Ա. Փայտյանի հետ համագործակցող մի ընկերություն, որը ներկրել է արտաքինից տավարի մսից ոչնչով չտարբերվող ժամկետանց «գոմեշի բրիկետներ»: Ի դեպ, լավատեղյակ աղբյուրները վստահեցնում են, որ միայն լաբորատոր ստուգումների արդյունքում է հայտնաբերվել ճշմարտությունը, քանի որ, ինչպես նշեցինք` գոմեշի բրիկետն արտաքնապես տավարի մսից գրեթե ոչնչով չի տարբերվում: Նշենք նաեւ, որ գոմեշի բրիկետն իր կալորիականությամբ հարյուրապատիկ զիջում է տավարի մսին: Որոշ տեղեկություններով, սակայն, Ա. Փայտյանին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից, քանի որ նա փաստացի կապ չունի մրցույթը շահած ընկերության հետ: Նա այդ «օպերացիան» վերահսկել է` «շեֆի» կարգավիճակով: Ի դեպ, ասում են, որ այս գործում ներգրավված են ՊՆ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ եւս: Երեկ մեր թղթակիցը զրուցել է նաեւ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Վերջինս նշել է, որ ինքը չի կարող մեկնաբանել մեր տեղեկությունը: Իսկ հարցին, թե` լաբորատոր ստուգումների արդյունքներն արդեն հայտնի՞ են, նա պատասխանել է, որ գործը գտնվում է քննչական վարչությունում, եւ հարցը պետք է ուղղել հենց նրանց»,- գրում է «168 ժամը»:




























