Շողեր Տիգրանյանի ամուսինը (անուն, ազգանունը փոխված է-խմբ.) հասցրել է 6 անգամ դատապարտվել ազատազրկման: Սակայն, հերթական անգամ կալանավայրից վերադառնալով, դաժան ծեծի է ենթարկել Շողերին` առանց փաստերի մեղադրելով դավաճանության մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Շողեր Տիգրանյանը: «Ամուսինը հարբեցող էր: Նա ինձ շատ է ծեծել ու կտտանքների ենթարկել: Մեր ամուսնության ընթացքում 6 անգամ ազատազրկման է դատապարտվել, ինչի պատճառով ես ու երեխաս տարատեսակ զրկանքներ ենք կրել: Ես անգամ ստիպված եմ եղել երեխայիս որոշ ժամանակ գիշերօթիկ դպրոց տանել, որ կարողանամ աշխատել եւ մեր գոյությունն ապահովել, իսկ նա ամեն անգամ բանտից վերադառնալուց հետո առանց պատճառի մեղադրում էր ինձ իրեն դավաճանելու մեջ եւ դաժան ծեծի ենթարկում»,- մանրամասնեց Շողերը եւ հավելեց, որ մի օր` հերթական վիճաբանության ժամանակ, ծեծված ու ջարդված վիճակում փախել է տնից, իսկ հաջորդ օրը տնից փախել է նաեւ որդին:

Շողերը դիմել է Կանանց իրավունքների կենտրոն, որտեղ իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվությունից հետո նրան հաջողվել է դուրս գալ ստեղծված իրավիճակից: «Ապաստարանում ես ու 14-ամյա որդիս պաշտպանված էինք զգում մեզ: Տղաս այլեւս չի վախենում մթությունից, կամաց-կամաց տեղի է տալիս նրա ագրեսիվ վարքը, իսկ ես ավելի շատ եմ զբաղվում որդուս դաստիարակությամբ:Այժմ ապրում եմ որդուս եւ արդեն նախկին ամուսնուս հետ, որն ավելի ուշադիր է դարձել, քանզի վախենում է ինձ վերջնականապես կորցնելուց»,- ավելացրեց Շողերը:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության, օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոն` զանգահարելով թեժ գծի հեռախոսահամարին` 54 28 28: