Հայաստանում այսօր բաճկոնը շատ ավելի քաղաքական կատեգորիա է , քան այն ամենը, ինչ կատարվում է. մեր Ազգային ժողովում պատգամավորների հագ ու կապի միջին գինը 20-50 հազար դոլար է` նայած լկտիության որ աստիճանն է դրսեւորում այս կամ այն անձնավորությունը: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 17-ին մամուլի ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Եթե հաշվի առնենք, որ այդպիսի կեցվածք ունեն 2000-3000 հազար մարդ , ապա ներդրումներից թաքնված 100-200 մլն դոլար ունենք, որը շատ հանգիստ կարող էր ուղղված լիներ երկրի պաշտպանական կամ բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:Գուցե մեր պատգամավորները առաջին քայլը կատարեն եւ նիստի սովորական բաճկոններով ներկայանան»,- ասաց Մանուչարյանը:
Անրադառնալով երկրի ներքաղաքական վիճակին` նա ասաց ,որ որեւէ դրական փոփոխություններ չեն սպասվում ու մեր քաղաքական, պետական ընտրանին տարված է անձնական խնդիրներով: « Եթե Ազգային ժողովում նստած լինեին թմրամոլներ, ապա նրանք ավելի պակաս վտանգավոր կլինեին ,քան նրանք ովքեր զբաղված են միմիայն փող դիզելով, իսկ մնացած բոլոր միտումները, որ դրսեւորvում են, ուղղակի թատերական ներկայացում է: Ընտրված է կյանքի փիլիսոփայություն , կամ ավելի ճիշտ, ընտրված են աստվածներ ու, ընտրելով նրանց, մենք ընտրել ենք մեր ճակատագիրը: Իսկ երբ որոշվում է, որ Աստված փողն է, դրանից հետո ամեն ինչ կորած է»,- նշեց նա:
Հարցին ` իրավիճակը շտկելու ի՞նչ ելք կա, Մանուչարյանը նշեց , որ Հայաստանը ամենահասուն ու արդյունավետ քաղաքական ու պետական համակարգը ունեցել է 1988-1990թթ.:
« Ընդամենը մեկ օրվա մեջ ամեն ինչ փոխվեց, ոչ մի պաշտոնյա կաշառք չէր վերցնում, հանցագործություններ գրեթե չկային, որովհետեւ այն ինչ կատարվեց, նշանակում էր ժողովուրդը իշխանությունը վերցրեց իր ձեռքը: Այդ բոլորը կրկնելու համար Հայաստանին պետք է մի քանի ժամ ու մի փոքր բանականություն: Երբ ժողովուրդը գիտակցի , որ իշխանությունը իրենն է ու ոչ ոքի չի պատրաստվում հանձնել, կառաջանան համապատասխան շրջանակներ ,որոնք էլ որոշակի ելքեր կգտնեն ու համակարգն էլ կգործի», -ասաց նա:
Հարցին , թե հնարավոր է առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը, նա ասաց ,որ անկախ նրանից թե ովքեր կհամագործակցեն կամ ովքեր կլինեն ընդդիմություն ոչինչ չի փոխվի. «Ուղղակի կլինի խաբեության սեանս: Եթե փողի իշխանությունը մնա` այս երկիրը վերանալու է»:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























