Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 8 ա շենքի բնակարաններից մեկում երեկ` սեպտեմբերի 16-ին ամուսինների` 78-ամյա Գուրգեն Գաբրիելյանի եւ 69-ամյա Սյուզաննա Գաբրիելյանի միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ամուսինը կոտրել է տան գույքի հիմնական մասը, հրկիզել տունը եւ փորձել ինքնասպան լինել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Նաիրիի բաժնից:
Հարեւանները մարզային ոստիկանությանը եւ ԱԻՆ-ին հաղորդել են կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած Նաիրիի բաժնի օպերատիվ խմբին հաջողվել է կանխել դանակի միջոցով ամուսնու ինքնասպանության փորձը, իսկ ԱԻՆ մարզային փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվել է մարել հրդեհը: Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:





























