Յուրաքանչյուր սեզոնը իր ազդեցությունը ունի մարդու թե հոգեկանի, թե ֆիզիկականի վրա: Մարդը համահունչ է բնության հետ եւ բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները ազդում են նաեւ մարդկանց վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն հոգեբան, հոգեթերապեւտ Մարինե Ավետիսյանը:
Աշունը բերում է սթրեսներ, դիսթրեսներ, դեպրեսիաներ եւ այլն: Սակայն, հոգեբանի խոսքով, աշնան բերած «դժվարությունները» պայմանավորված են զուտ եղանակային փոփոխություններով` հաճախակի անձրեւներ, արեւի քչություն, գորշ եղանակ, մուգ գույներ, ինչը հետեւանքով էլ մարդիկ ավելի հաճախ են տխրում,վատ մտքեր են նրանց այցելում, տրամադրության անկում են ունենում, մենակության են ձգտում, ուզում են կտրվել աշխարհից եւ այլն: «Այդ ամենը պայմանավորված է հենց աշունով: Մի տեսակ աշունը ավարտի, վերջսբանի խորհրդանիշն է, բնության մեջ բերքահավաք է, մարդկանց մոտ` արդյունքների գնահատում, կյանքի մայրամուտի հետ է ասոցացվում, հենց դրանով էլ պայմանավորված են մարդու մոտ հոգեվիճակի փոփոխությունները»,- ասաց Մարինե Ավետիսյանը:
Հոգեբանը շեշտեց, որ սեզոնային դեպրեսիաները առաջանում են ոչ բոլորի մոտ, առաջնահերթ` նրանց մոտ, ովքեր հակված են դեպրեսիաների: Իսկ դեպրեսիաների ավելի շատ հակված են մելանխոլիկ մարդիկ, ովքեր ավելի առանձնացած են բոլորից, ապրում են իրենց ներքին աշխարհով:
Մարինե Ավետիսյանը խորհուրդ է տալիս աշնան բերած ազդեցություններին վերաբերել նորմալ, դրանք ընդունել որպես բնական գործընթաց, հասկանալ երեւույթները, տրամադրվել լավին եւ չընկնել խուճապի մեջ: Իսկ նրանք, ովքեր ամեն աշնան գալով ընկնում են դեպրեսիայի մեջ, ապա նախընտրելի է դիմեն մասնագետների, որպեսզի փորձեն հասկանալ, թե ինչ է նրանց հետ կատարվում:





























