«Առավոտը» գրում է, որ նախօրեին Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը  իր ընտանիքին պատկանող  Գյումրու գարեջրի գործարանի ռեստորանում քեֆ-ուրախություն է կազմակերպել` տոնելով իր հաղթանակը:

Նա, ըստ մասնակիցների, մատաղ է արել ու իրեն սատարած գյումրեցի  բոլոր տղամարդկանց` անկախ կուսակցական պատկանելությունից, հրավիրել է: Արդյունքում, ըստ ականատեսների, հրավիրված 250-300 հոգու մեջ  ՀՀԿ-ականներն ավելի շատ են եղել, քան ԲՀԿ-ականները: Ապագա քաղաքապետը հրավիրել է Շիրակի մարզպետարանի  ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների  ՀՀԿ-ականներին, այդ թվում նաեւ  որոշ դպրոցների տնօրենների,  ովքեր  խնջույքի  են մասնակցել երկու ՀՀԿ-ական փոխմարզպետերի`  Սեյրան Պետրոսյանի ու Հարություն Արշակյանի գլխավորությամբ:

Ի դեպ, Գյումրու նորընտիր քաղաքապետը, ի նշան հետագա համագործակցության, հրավիրել է նաեւ Արթիկի նորընտիր քաղաքապետ ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին:  Պարոն Բալասանյանը  բնականաբար չի անտեսել նաեւ իրեն սատարած ԲՀԿ-ականներին, օրինակ` Գյումրու մանկավարժականի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանին, ԱԺ նախկին պատգամավոր Ռոբերտ Զաքարյանին:

Սակայն հետաքրքիրն  այն է , որ  քաղաքական խնջույքին Գյումրիից ընտրված ԱԺ ոչ մի պատգամավոր չի մասնակցել. ոչ ՀՀԿ-ականներ Սուքիաս Ավետիսյանն ու Աշոտ Աղաբաբյանը, ոչ ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, եւ առավել եւս ոչ էլ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Նրանք, ինչպես հայտնի է,  Սամվել Բալասանյանին տարբեր պատճառներով  չեն սատարել:

Մենք Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանից հետաքրքվեցինք, թե ինչո՞ւ պատգամավորները չեն հրավիրվել, որին ի պատասխան նա  ասաց. «Պարոն Բալասանյանը ընտրություններից հետո մշտապես շնորհավորանքներ ու հյուրեր է ընդունել, և եթե ինչ-որ մեկը մեկ  միջոցառման  չի մասնակցել, ապա այդ անձը մասնակցել է մեկ այլ միջոցառման, այցելել է, շնորհավորել է, այնպես որ` ոչ մի տարօրինակ բան չկա , ամեն ինչ նորմալ է»:Նշենք, որ մարզպետ Աշոտ Գիզիրյանը ևս այդ օրը Շիրակի մարզում չլինելու պատճառով խնջույքին չի մասնակցել: