Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով  ծանր վիրավորված 17-ամյա Նորայր Խաչատրյանը այսօր` սեպտեմբերի 18-ի լուսադեմին մահացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության եւ լրատվության հետ բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը: Ավելի վաղ Շուշան Հունանյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ բժիշկները Նորայր Խաչատրյանի վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում եւ նա վերակենդանացման բաժանմունքում արհեստական շնչառության տակ է:

Տեղեկացրել էինք նաեւ, որ Երեւանի Օրբելի փողոցում սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով մահացել է Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրը` 18-ամյա Գայանե Մարկոսյանը: Վթարի հետեւանքով բոլոր տուժածները ուսանողներ էին. 17-ամյա Նորայր Խաչատրյանը, 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, վթարի հետեւանքով մահացած 18-ամյա Գայանե Մարկոսյանը եւ Վիկտորյա Ալոյանը սովորում էին Ֆրանսիական համալսարանում, իսկ 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը` Սլավոնական համալսարանում:

Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի ունեցած պատահարի հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն էր տեղափոխվել 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն` Դավիթ Գրիգորյանը եւ «Էրեբունի» բժշկական կենտրոն` Նորայր Խաչատրյանը, իսկ Վիկտորյա Ալոյանը եւ Գայանե Մարկոսյանը մահացել էին: Փաստով հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):