Հայաստանում իշխանությունների հետ Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունները պարտադիր չէ, որ կրկնվեն Լեռնային Ղարաբաղում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արցախում ՀՅԴ-ականների  բարձր պաշտոնների նշանակվելու մասին տարածված տեղեկություններին:

«Արցախում բոլորովին այլ իրավիճակ է, այնտեղ բնակչության , պետության, քաղաքականության օրակարգը էապես տարբերվում է այստեղի օրակարգից: Պարտադիր չէ, որ Հայաստանում իշխանությունների հետ ՀՅԴ-ի հարաբերությունները կրկնվեն Լեռնային Ղարաբաղում»,- ասաց նա՝ հավելելով, որ պատմության մեջ դրվագներ են եղել, երբ այստեղ ՀՅԴ-ն ճնշված է եղել,ՀՅԴ-ականները ձերբակալված են եղել, այնտեղ նման պատկեր չկար: «Այնպես որ եկենք Արցախը դիտարկենք հայյերի երկրորդ պետականություն, եթե ոչ ամբողջությամբ անկախ, ապա բավականաչափա ինքնուրույն»,- ասաց ՀՅԴ անդամը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի Դաշնակցության Կնետրոնական կոմիտեն Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնից բացարաձակապես անկախ է, եւ անկախաբար էլ կայացնում է բոլոր տեսակի որոշումները եւ «շատ բնական է այդ որոշումների՝ իրարից տարբերվելը, եթե դրանք չեն հակասում մեր կուսակցության ծրագրի կանոնագրին եւ ընդունված որոշումներին»:

Նշենք, որ վերջերս ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանին առաջարկ է արվել՝ նշանակելու Արցախի փոխվարչապետ եւ նա տվել է իր համաձայնությունը, իսկ մեկ այլ ՀՅԴ-ականի՝ Դավիթ Իշխանյանին, ըստ տարածված տեղեկությունների, պետք է նշանակեին ԼՂՀ Արտաքին գործերի նախարար: