Սեպտեմբերի 18-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկման թեման 5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանի նախապատրաստության եւ առաջին լիագումար նիստի օրակարգի ձեւավորման հարցերն էին։

Նշվեց, որ լիագումար նիստում քննարկման երաշխավորվող օրենքների նախագծերի կապակցությամբ գլխադասային է պետական-իրավական մշտական հանձնաժողովը։

Ուստի, այդ կապակցությամբ լսվեց հանձնաժողովի նախագահի հաղորդումը խնդրո առարկա օրինագծերի թեմատիկ ընդգրկումների եւ պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվեցին առաջիկա անելիքները, լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է սեպտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։