«Հրապարակն» իր խմբագրականում գրում է. «Ինչպես անել, որ կարողանանք պահպանել մեր ազգային առանձնահատկությունները եւ միեւնույն ժամանակ ինտեգրվել մեծ աշխարհին ու հաղորդակցվել նրա արժեքների հետ: Ինչպես անել, որ աշխարհի հետ կապն ու սերտ շփումները չդառնան խողովակ, որով այնտեղ կուտակված վատն ու արատավորը ներմուծվեն Հայաստան:
Այնպես, որ սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության գծով մեզանում խոշոր առաջընթաց գրանցվի, իսկ հայկական ավանդական ընտանիքը վերանա ու նմանվի ֆրանսիական եւ ամերիկյան ընտանիքներին, որտեղ 18 տարեկանից հետո ծնողների հետ կապն այնքան է բարակում, որ անգամ տարին մեկ հեռախոսով խոսելը դառնում է եզակի երեւույթ:
Իսկ այլազգիներից մեզ զատող ամենամեծ արժեքն, անշուշտ, հայկական ջերմ-տաք ընտանիքն է, որտեղ միմյանց նկատմամբ սեր ու հարգանք կա, կապվածություն, իրար մասին հոգ տանելու, իրար հասնելու եւ օգնելու ավանդույթ:
Այս հոռետեսական նոտաների պատճառը երեկ լսածս պատմությունն է. բավականին հաջողակ մի բիզնեսմեն, որը տարիներ շարունակ կարողացել է իր ընտանիքի բարեկեցիկ կյանքն ապահովել, կյանքի հինգերորդ տասնամյակում անհաջողության է մատնվել: Բիզնեսը եկամուտ չի բերում, նոր գործ ձեռնարկել չի հաջողվում, եւ արդեն հասուն որդին, որը սկսել է տուն փող բերել, մոր հետ միասին տնից դուրս է վռնդել ընտանիքի հորը: Ասել են՝ երբ կսկսես փող աշխատել, կարող ես վերադառնալ: Եվ լավ տուն-տեղ դրած, ժամանակին մեծ փողեր աշխատած մարդը հայտնվել է տառացիորեն փողոցում:
Ընկերները նրան համոզում են դիմել դատարան, բաժանվել կնոջից ու հրաժարվել զավակներից, կիսել տունը եւ ունեցվածքը, բայց վերջինս չի ուզում գնալ նման քայլի: Հավանաբար, ամոթն ու բարոյականությունն ընտանիքի հոր մեջ ավելի շատ են, քան նրա կողակցի ու ժառանգների»:




























