Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն ու նրա եղբայրը՝ Հայկազ Քոչինյանը, ով սեպտեմբերի 9-ին իր հայրենի գյուղում՝ Շնողում, չկարողացավ նորից տիրանալ գյուղապետի աթոռին, ասում են՝ սկսել են իրենց ունեցվածքի մի զգալի մասը վաճառքի հանել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Նույն տեղեկությունների համաձայն, Հայկազ Քոչինյանը վաճառքի է հանել ժամանակին «կոպեկներով» ձեռք բերած հեկտարներով հողակտորները, որոշ մանր-մունր առեւտրի կետեր, իսկ ահա Հենրիկ Քոչինյանի մասով էլ ասում են, որ նա վաճառքի է հանել իր ամառանոցն ու Երեւանում ունեցած բնակարանները։ Կարծիք կա, որ Հենրիկ Քոչինյանն իր եղբորը մի որոշ ժամանակով ուզում է ՀՀ-ի սահմաններից դուրս հանել ու փորձում է նրա համար առավել տաքուկ ու ապահով պայմաններ ստեղծել ՌԴ-ի տարածքում, որ նա կարող է առավել շահութաբեր բիզնեսով զբաղվել՝ հեռու մնալով քաղաքական տհաճ ինտրիգներից ու ավելորդ պատմություններից։ Հիշեցնենք, որ Հայկազ Քոչինյանի դեմ բազում քրեական գործեր կան հարուցված, որոնց ոչ սկիզբն է երեւում, ոչ էլ վերջը։

Ինչեւէ, այս եւ այլ հարցերի շուրջ երեկ «ՉԻ»-ն փորձեց լսել նաեւ Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի մեկնաբանությունը, որն էլ հարցը լսելուն պես արձագանքեց. «Հարգելիս, իսկ կարող եմ իմանալ, թե ո՞վ է այդ ամենի գնորդը։ Կասե՞ք ինձ։ Ուրեմն այսպես. Այդ լուրեր տվողները հոգեկան հիվանդներ են։ Ով իմ մասին վատ է խոսում՝ հոգեկան հիվանդ է։ Իսկ իմ եղբայրը ծնվել է Շնողում, ապրում է Շնողում եւ 100 տարի էլ ապրելու է Շնողում։ Իսկ իմ համար, բացի իմ պապական հողից՝ այլ բան գոյություն չի ունեցել եւ չի ունենա։ Ի՞նչ է, այդ մարդկանց քունը արդեն գիշերներն է՞լ չի տանում»։ Հարցին, թե ըստ Հ. Քոչինյանի իրենցից վախեցողնե՞ր կան, որ կարող են գիշերները վախից չքնել, նախկին մարզպետը նշեց, թե. «Ես շատ գիտեմ, հակառակ դեպքում տենց բան չէին անի»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։