2013թ նախագահական ընտրություներին բացի Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանից այլ մարդ չի կարող ընտրվել, որովհետեւ նա ունի ադմինիստրատիվ ռեսուրս եւ գումար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

«Ուրիշ հարց, եթե լիներ մեկը, ում ժողովուրդը շատ վստահեր, կաշառքը չվերցներ, տուրք չտար ադմինիստրատիվ ռեսուրսին, վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ չկա այդ մեկը»,- ասաց նա:

Մեկնաբանելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը` Իգիթյանը նշեց, թե չի կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը շանս ունի քաղաքական դաշտ վերադառնալու: «Ինքը նույնիսկ ՀՀԿ-ի թկենածուն չի լինի, կարող է նույնիսկ ԲՀԿ-ի թեկնածուն չլինի»,- ասաց նա՝ հավելելով, որ կասկած ունի, որ ԲՀԿ-ն կգնա իր հեղինակությունը գցելու ճանապարհով՝ առաջադրվելով Ռոբերտ Քոչարյանին: Հովհաննես Իգիթյանը չբացառեց, որ երկու-երեք տարի հետո Ռոբերտ Քոչարյանը կվերդառնա որպես վարչապետ:

Միեւնույն ժամանակ, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Հայաստանում փակ շղթա է, ինչը թույլ չի տալիս, որպեսզի նոր քաղաքական գործիչներ ի հայտ գան: