Հայաստանի վարչապետի  հանձնարարականով 2011թ մեկնարկած հակակոռուպցիոն երկամյա ծրագիրն ի կատար է ածվել արդեն 75 տոկոսով, գրանցվել են շոշափելի արդյունքներ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նրա կարծիքով` ընդունելության քննությունների վերացման շնորհիվ եւս կտրուկ նվազել են կոռուպցիոն ռիսկերը: Հաջորդ տարվա համար ընդունելության քննությունների բոլոր առարկաները կկազմակերպվեն շտեմարանային եղանակով:  «Այս ուղղություններով մենք շոշափելի տեսանելի փոփոխություն ունենք, սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջությամբ վերացրել ենք կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց նախարարը:

Դրանից բացի` վերանայվել են շուրջ 100 իրավական ակտեր, որոնց նպատակը նույնպես գործող օրենսդրությունը եւ ենթաօրենսդրական ակտերը հակակոռուպցիոն փորձաքննության ենթարկելն է: Արդյունքում կտրուկ պարզեցվել են ուսանողների` բուհից բուհ տեղափոխվելու, ուսանողների վերականգնման կարգերը, եւ այս գործընթացների շնորհիվ Հայաստանում հեշտացվել է ուսանողների իրավունքների պաշտպանության մեխանիզմը:

Ինչ վերաբերում է  դպրոցական համակարգին՝ ԿԳ նախարարն ասաց, որ շարունակում են խնդիրներ առաջացնել հիմնականում ծնողական  խորհուրդների կազմակերպած  դրամահավաքները: Բայց այդ դրամահավանքները չեն դիտարկվում որպես  կոռուպցիոն  դրսեւորումներ, քանի որ մեծամասնությունն ուղղված է  դպրոցի գույքային եւ տնտեսական խնդիրների լուծմանը, այլ հարց է, եթե դրանք տեղի են ունենում տնօրենների կամ ծնողների շահադիտական նպատակներից ելնելով: «Սակայն դրամահավաքների կազմակերպման ծնողական կոմիտեների որոշումները չեն կարող պարտադիր լինել բոլոր ծնողների համար, եւ թիվ մեկ պրոբլեմն այն է, որ ծնողական կոմիտեները չեն ներկայացնում դպրոցների բոլոր ծնողների կարծիքները եւ մյուս կողմից` հանդիսանում են ոչ անկախ մարմիններ տնօրինությունից»,- ասաց Արմեն Աշոտյանը: Այս խնդիրը լուծելու համար, նախարարի խոսքով, ծնողների շրջանում անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիական գիտակցության խնդիրը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի